Թումանյան. Աղբյուր
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից՝
Շոգից հանած չոր լեզուն.
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստըծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»։
1893
Метки: Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские поэмы, Армянские поэты, Армянские сказки, История армянской литературы, Ованес Туманян, поэты Армении, Сказки Ованеса Туманяна, Стихи Ованеса Туманяна, Աղբյուր, Հովհաննես Թումանյան