Пн, Окт 31st, 2011
все | Автор Dproc

Չարենց. Հայրենի երգն ես դու մեր՝

Ա.
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք:-
Դէմքիդ տանջանքն է դրել
Անագորոյն մի կնիք:-
Եւ հանճարի հեռակայ
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպէս մարող ճառագայթ
Արարատի գագաթին:-

Բ.
Հայրենի ե՛րգն ես դու մեր
Հալածական, ինչպէս ամպ,
Որ քամիներն են ցրել
Եւ տարիներն ապստամբ:-
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ,
Որ բարբառել ես դարեր
Օտարութեան մշուշում:

Գ
Առանձին ձայնն է ինչպէս
Դառնում հնչիւն հայրենի-
Դաշնութեան մէջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների,-
Այդպէս մեր հին դաշնութեան
Ով մարգարէ տարագիր,-
Դու գտանում ես ահա
Ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ երկիր:

Դ.
Հայրենի երգ մեր վսեմ,
Հազարամեա՜յ մեր հանճար,-
Լոկ ժողովու՛րդն է հիւսել
Քո դաշնութիւնը պայծառ,-
Քեզ ժողովո՛ւրդն է խոնարհ
Տառապանքով իր ծնել,
Իր ավիւնով պահել վառ,
Իր ոգու մէջ ընդունել…

Ե.
Քեզ ժողովու՛րդն է չարքաշ
Իր բորբ շնչով տւել շունչ,-
Ո՛չ մի իշխան կամ արքայ
Քեզ չի՛ պահել իր նաշում:-
Թե՛ հայրենի, թե՛ օտար
Տիրողների համար միշտ
Եղել ես- ձա՛յն որոտան,
Եւ յա՛ր օտար, եւ ու՛րիշ:-

Զ.
Դու աշխատա՜նքն ես երգել
Եւ քրտինքը մաճկալի,-
Անջու՛ր հանդեր ու հերկեր,
Սիրո երգեր անձկալի…
Դու պանդուխտի տարագիր
Սիրտն ես երգել կարօտող՝
Անհայրենիք արագիլ՝
Կապւած յուշի նարոտով:-

Է.
Հնչիւններ ես հաւաքել
Հենքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հայրենական եզերքի,-
Եւ հայրենի հանդերի
Մրմունջներից չմարող
Հիւսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր:-

Ը.
Դու երգել ես միայն ճորտ
Ժսղովրդի համար մեր
Երգեր՝ կեանքի նման խոր
Եւ զրկանքի նման վեհ:-
Եւ երգերում քո անհուն-
Ժողովրդի սրբազան
Սէ՛րն է միայն վեհանում
Եւ աշխատանքը դաժան:-

Թ.
Դու երգել ես միայն բորբ
Ժողովրդի սրտում մեր
Վառւող ցնորքն անյողդողդ՝
Իր գալիքի մասին վէս:-
Հայրենիքի՜ մասին նոր,
Կեանքի, որ հաշտ ու ազատ-
Ծնւելու է արիւնով
Եւ զոհերով սրբազան…

Ժ.
Քո ժողովու՛րդն է խոնարհ
Քո երգերում անրջել՝
Իր կեանքի տենչն անհնար
Եւ սիրոյ շունչը հնչեղ:-
Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝
Տանիքների վրայ մեր,-
Եւ սիրո խոսք ու շշուկ,
Հասկերի երգ ու համերգ…

ԺԱ.
Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող-
Տանիքների վրայ մեր
Եւ սրտերի ղողանջող:
Կարկաչում էր նա յուշիկ,
Մինչեւ խորշակն այն դաժան
Յու՜շ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան…

ԺԲ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչւող սեւ
Այն հեռաստանն արնակոխ
Որ քո ցնորքն էր լուսէ:
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի,
Որ աւելի ՛ էր դաժան,
Քան թշնամին վայրենի…

ԺԳ.
Քեզ չմնաց անգամ քո
որշ ժողովուրդն այն չարքաշ,
Որ, ինչպէս եզ գլխիկոր,
Տքնում էր լուռ ու չարքաշ,-
Սեւ զրկանքում մտորող
Քո ժողովու՛րդն անգամ հեզ,
Որ լոկ հացի ու սիրոյ
Հոյզերո՛վ էր սնում քեզ…

ԺԴ.
Քո ժողովուրդը չարքաշ,
Հազարամեայ զրկանքով,
Հազա՜ր սրով զարկած յար՝
Մարտիրոսեա՜լ իր կեանքով-
Իր եզերքում հայրենի
Հազիւ գտած հող մի բուռ-
Քշւե՛լ է յար իր բնից,
Իր խրճիթից ընդհանուր…

ԺԵ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած՝
Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց…
երի երկրում քո անթով
Անգամ մի մա՛յր, որը քեզ
Սնէ՜ր անգին իր կաթով
Եւ հավատով իր փրկէր…

ԺԶ.
Չար ուրագան մի շաչող,
Դաժան մրրիկ մի ահեղ-
Քշեց շիւղի նման չոր,
Հողմի նման խելահեղ,-
Եւ տերեւներ ինչպէս հին՝
Ծառից ընկած ու անկեանք-
Քշեց երախը մահի
Թէ՝ մայրերին, թէ՛ մանկանց…

ԺԷ.
Զարհուրելի եռանդով,
Ինչպէս քաղցած մի գազան-
Սրբեց կամքով մի քանդող
Երկիր ու տուն սրբազան…
Լափեց եզերքը քո հին՝
Ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ վաստակ,
Եւ անապատ ամայի
Դարձավ երկիրն Հայաստան…

ԺԸ.
Ինչպէս գրքից պոկւած թերթ,
Կամ չորացած արտի շիւղ,
Նետւած հողմով այն անեզր
Մահւան քամուն ու փոշուն,
Դու՝ հանճարի նման մեր՝
Հազարամեայ ուրվական՝
Դարձար տերեւ մահամերձ,
Քշւած ոգի ու վկա…

ԺԹ.
Հողմով տարւած ինչպէս շիւղ,-
Ուղիներում դու տեսար
Հրաճարակ կեանք ու խուղ,
Եւ ժողովուրդ հրկիզած:-
Ինչպէս մահո՛ւ մանգաղով,-
Տեսար գիւղե՜ր դու հնձած,-
Այս ժողովո՛ւրդն էր քո ողջ,
Որ քեզ տւեց երգի ձայն…

Ի.
Եւ արդէն խո՜լ դարձած հողմ,
Խուղերի ծուխ ու փոշի՝
Քշւած ձեռքով անողորմ
Զարհուրելի մի ուժի,-
Խելակորոյս քո ոգին
Դո՛ւրս շպրտւեց երկրից յար,-
Եւ թափառեց տարագիր,
Իբրեւ մեռա՜ծ երգի բառ¦

ԻԱ.
Վիթխարի եզ մի ինչպէս՝
Սովից տոչոր՝ յանկարծ գայ,
Լիզէ մի ողջ ոսկի դէզ
Եւ չթողնի հե՛տք անգամ,-
Այդպէս աղետն այն զարհուր
Անցավ բարձրիկ քո դաշտից,-
Եւ դաշտն ամբողջ դարձավ մու՛ր,
Ինչպէս արտը երաշտից:-

ԻԲ.
Հալածակա՜ն, որպէս քո
Ո՛ղջ ժողովուրդն այն պահին-
Խելակորոյս քո ոգով
Չտրւեցի՜ր դու Մահի…
Ո՛չ,- չմեռա՛ր այնժամ դու,
Այլ սարսափից խելագար՝
Երազեցիր դառնալ տուն,
Որ աշխարհում էլ չկար…

ԻԳ.
Եւ՝ սարսափից խելագար
Ե՛ւ գզգզւած, ե՛ւ բոկոտն
Մահւան սքեմ դու հագար
Եւ սնւեցիր քո ոգով:-
Բայց քո ոգին չքամեց
Եւ չե՛ր կարող քամել ժանտ
Այն զոհերի մեծամեծ
Արիւնը սուրբ ու անչափ…

ԻԴ.
Անհնարին էր, վարպետ,
Որ քո ոգին ստեղծող
Յղիանա՜ր ու արբեր
Աւիւնով ժանտ ու խոցող…
Անհնարին էր, որ քո
Երգի ոգին հանճարեղ
Նայիրական իր երգով
Այնժամ երգեր մի արեւ…

ԻԵ.
Անհանգրւան, ինչպէս նոր,
Հալածական Արքայ-Լիր՝
Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
Անէացած մի ե՛րկիր,-
Զգեցած մահ ու սարսափ,
Տեսած ե՛ւ ահ, ե՛ւ դժոխք,-
Ինչպէս կարող էր անսալ
Ոգին քո կեանք ու ցնորք…

ԻԶ.
Քո հին սրինգը գրկած,
Իբրեւ մանուկ մի ազատ,
Որ դեռ պահում է երգած
Երգերիդ շունչն հարազատ,-
Քո այդ եղեգն երգեցիկ
Հեռու ափեր դու տարար,
Բայց դու երբեք չերգեցիր
Նրանով- ե՜րգ փրկարար…

ԻԷ.
Անհանգրւան տարւեցիր
Երկրից-երկիր, որպէս մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ-ունի ե՛րգ:-
Բայց չլսեց ոչ ոք քեզ,
Քեզ ոչ մի սիրտ չգթած,-
Միայն քամին մորմոքեց,
Միայն անձրեւն իջավ ցած…

ԻԸ.
Եւ ափերում այն օտար,
Ուր քեզ նետեց հողմը սեւ-
Դու ունկնդիր չգտար,
Իսկ պատահմամբ թէ լսեց
Քեզ մի անցորդ կամ մոլոր
Մի ուղեւոր ահաբեկ,-
Տեսար, որ նոյն հողմերով
Քշւածներ են նրանք հեք…

ԻԹ.
Նրանք՝ իրենք-տարագիր,
Իրենք՝ ե՛ւ որբ, ե՛ւ անճար-
Ունկնդրում են քո երգին,
Որ երազեն ու տենչան,-
Որ՝ բռնելով քո թելից
Իրենց սրտով կարոտող
Դառնան երկիրն այն էլի,
ոնէ յուշով փարատող…

Լ.
Ինչ պիտի տար սրտին քո,
Քո հանճարին որբացած
Նրանց անհող արցունքով
Ցօղւած ոգիդ նրբաձայն…
Հեռու երկրից քո այն վառ,
Ժողովրդից՝ դարձած յուշ-
Ո±նց քո ոգին որոտար
Կարօտանքից նրանց ուշ…

ԼԱ.
Որքան էլ պիրկ նա լիներ՝
Ստեղծագործ քո ոգին-
Ո±ր դաշտերում նա հինէր
Երգն իր անմահ մորմոքի…
Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
Հող չի՛ յաճախ ճանաչում,-
Բայց սե՛րմն հոգու-միայն իր
Հայրենիքում է աճում…

ԼԲ.
Ամայացա՜ւ քո ոգին,
Ինչպէս անջուր հանդի հող,
Եւ մազերին քո չոքեց
Ձմեռ ու ձիւն անողոք:-
Եւ գետնահար, որպէս ծառ`
Պոկւած հողմով կատաղի-
Բեկւեց ոգին քո պայծառ`
Առանց բոյրի ու շաղի:-

ԼԳ.
Քո հեռաւոր երկրի ջեռ
Արոտների նման ա’յն,
Որ դարձրեց սեւ մի ձեռք
Հերկ` խորշակեալ եւ ունայն,-
Խորշակեալ դաշտ դարձավ չոր
Այդպէս ոգի’ն քո հնչեղ,
Որ ո’չ արեւ կենսաշող,
Ոչ յոյսի շող չշնչեց:-

ԼԴ.
Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
Քո մազերին զառամեալ,-
Եւ` հալածւած ոսոխից`
Երազեցիր միայն մահ…
Զառանցանքի մէջ զարհուր
Երազւեցին քեզ հեռվից-
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եւ գլխատում արեւի…

ԼԵ.
Ապա խաւար իջավ խոր
Եւ հանճարեղ քո ոգում
Փռւեց գիշեր ու ժխոր,
Եւ մտքի մուժ բորբոքուն.-
Եւ տարինե՜ր անցան սին,
Եւ քո ոգին խելագար
Կիզւեց հուրո՛վ այն զազիր,
Մինչեւ գիշեր վերջին գար:-

ԼԶ.
Ո՜վ հարենի մեր երգի
Հրէ հանճար տառապած,
Դու չտեսա՜ր քո երկրի
Արշալոյսը փառապանծ…
Իբրեւ աճիւն դու եկար,
Իբրեւ մեռա՜ծ տարագիր,-
Հին դաշնութեան դու վկա
Եւ առաջին քարակիր…

ԼԷ.
Անհանգրւան, ինչպէս մի
Տերեւ, պոկւած իր ծառից՝
Քեզ վտարեց մի քամի
Քո հայրենի աշխարհից,-
Եւ քո ոգում՝ հայրենի
Յուշն արիւնով նա նշեց-
Զառանցանքով արիւնի՝
Յորդած կարմիր մի գիշեր…

ԼԸ.
Ճի՛շտ է վարպետ:- Քո ոգուն
Իջած մուժի՛ նման մառ-
Եւ հալածող մահաթոյն,
Եւ խաւարի պէս խաւար,-
Այն օրերում մեր երկրի,
Մեր աշխարհի՛ վրայ ողջ-
Իջել էր սե՜ւ աւերքի
Զարհուրելի մռայլ քո՛ղ…

ԼԹ.
Այն օրերին արդէն մեր
Ողջ աշխարհում համարեայ՝
Նստե՛լ էր սեւ, ինչպէս նեռ,
Մեր սեւ ոսոխն հնօրեայ,-
Ինչպէս բերքի տեղ հանդի՝
Հնձեն թուփեր վարդենի,-
Այդպէս մահու գերանդին
Հունձն էր արել արդէն իր:-

Խ.
Ո՛ղջ աշխարհում արդէն մեր,
Ծայրէիծայր համարեայ
Կենդանի հունտ էր ինչ դեռ
Պարտեզներում հնօրեայ
Եւ՝ ամենից առաջ՝ ինչ
Բողբոջ ու ծի՛լ էր ոգու՝
Որ շիւղ անգամ էլ չաճի-
Հնձել էր ձեռքն ահարկու:-

ԽԱ.
Վերջին հողի վրայ լոկ,
Վերջին քարին հայրենի,
Ցցւած կղզու նման շող՝
Օվկիանում արիւնի,-
Վերջին քարի վրայ այդ,
Դեռ մնացած անողող՝
Զառանցում էր յուսահատ
Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

խԲ.
Զառանցում էր կիսամեռ
Ժողովրդի մեր մի բուռ
Մնացորդը, որ չունէր
Էլ փրկութեան կարծես դուռ:-
Հորդաներով ամեհի
Շրջապատւած ու ողող՝
Տէրն էր նաեւ §հայրենի¦
Քշում անդունդն անողոք…

Խ.
Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝
Կառչած լաստին մօտեցող-
Ծովահէնն է հրում լերկ
Մոլեգնութեամբ դէպի ծով.-
Ժողովրդի ինչպէս մեր
Բեկորները այդ չնչին.-
§Հայրենական¦ տերն էր դեռ
Հրում անդունդը վերջին…

ԽԴ.
Փորձանքներից յարատեւ
Արդէն կորած, անուղի,
Այդ շիւղն անգամ մահամերձ
Ժողովրդի ու հողի,-
§Իր¦ տէրերի ձեռքով սեւ,
Որպէս դիակ՝ կրծքին քար-
Պիտի սուզւէր վերջապէս,-
Թէ փրկութիւնը չգար…

ԽԵ.
Բայց փրկութիւնը եկավ
Խոր խաւարում, ինչպէս լոյս
Արեգակի հեռակա,
Որ ճառագում է վերուստ…
Որպէս հրա՜շք նա եկաւ,
Որպէս որո՛տ շառաչեց,
Խնդութիւնից խելագար,
Մի փրկչի՛ պէս փառաճեմ…

ԽԶ.
Մեզ հայրենի տւեց հող,
Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
Դաշտ՝ արգանդում իր պահող
Հանճարի հունտն արեւկայ,
Հանճարի հուրը այն որբ,
Որ դարերից մինչեւ մեր
Այս օրերը հրաբորբ
Երգն է երկնել մեր անմեռ…

ԽԷ.
Եւ եզերքում մեր նորոգ,
Հայրենիքում ահա մեր
Արդ ողջունոմ ենք սիրով
Քո վերադարձը վարպե՜տ:-
Իր տարագիր հանճարի
Վերադարձն է տոնում արդ
Ժողովուրդը քո արի
Հայրենիքով իր անպարտ:-

ԽԸ.
Հազարամեայ ճորտ անհող
Իմ աներկիր ժողովուրդ,
Էլ չկայ քեզ կործանող
Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-
Եւ հնամեայ իր երգով
իրկն է դառնում քո անմահ-
Ահա քո շուրջը երգող
Քո ձայնապետը անմահ:-

ԽԹ.
Վերադարձել է ահա
Քո հայրենիքը ազատ,
Մեռած սրտում քո պահած
Նրա փոշին սրբազան.
ուրգուրեցի՜ր այն խաւար
Զառանցանքում քո անդուռ,
Բայց չբացւեց քեզ համար
Դարձի շաւիղ դէպի տուն…

Ծ.
Հալածական երգ մեր հին,
Հանճարեղ ձայն դու մեր որբ,-
Դեմքիդ կնիքը մահի,
Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-
Չորս ծայրերում աշխարհի
Ինչքան եղար դու խաչւած,
Մինչ հայրենիք դառնայիր՝
Նոր պայքարում նւաճւած…

ԾԱ.
Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝
Ոգու զրոյց դու մեր հին,
Որքան զրկանք ու կորուստ
Եւ լուսէ զոհ մենք բերինք-
Մինչ այս դարձի համար քո,
եւ հայրենի, եւ ազատ-
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ:-

ԾԲ.
Եւ չգիտեմ ես՝ արդեօք
Կա±յ աշխարհում մի այլ երգ,
Որ քո երգի նման խոր,
Եւ արնաթոր, ինչպէս վէրք-
Ժողովրդի սրտում իր
Տարիներով որբացած
Լինի այնքա՜ն մտերիմ,
Որքան ուղին՝ նոր բացած:

ԾԳ.
Եւ չտեսար, ո՛վ երգիչ,
Այս հայրենիքը նորոգ,
Որն իբրեւ մայր ամոքիչ
Արեւային իր սիրով
Բուժէր քո սիրտը խոցւած
Սեւ տէգերով անցեալի,
Դափնեպսակ դնէր պարզ
Քո ճակատին պանծալի:

ԾԴ.
Իբրեւ աճիւն դու եկար
Քո հայրենիքը, որ քեզ
Յուշ էր թւում սրբացած,
Մեռած զրոյց, որ որպէս
Արդէն անդարձ, կորած հեք,
Ննջած մի այր՝ դրած հող,-
Չի՛ բարձրանայ էլ երբեք,
Որ արեւի ըմպէ շող…

ԾԵ.
Արդեօք կարո±ղ էր քո սուրբ,
Բեկւած հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգւանքը մեր այս
Եւ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած…

ԾԶ.
Բայց հայրենի երկրում քո,
Մայր քաղաքում նրա հին,
Պատւանդանի վրայ նոր
Եւ սրտերի վրայ հիր՝
Ահա մարմինը քո սուրբ,
Իբրեւ մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եւ բարձաբերձ՝ իբրեւ սար…

ԾԷ.
Սեր է բերել եւ գորով
Քո ժողովուրդն ահա քեզ-
Քո հնօրեայ երգերով
Օրորելով սիրտդ կէզ.-
Սիրտդ տանջանք տեսած լոկ
Եւ չարչարանք կրած հեզ,-
Ահա քեզ փա՜ռք երգելով՝
Այնքան հպարտ ենք արդ, տե՛ս…

ԾԸ.
Կարօտով խոր իբրեւ վէրք
Եւ երկիւղով սրբազան-
Խոնարհւել եմ ահա ես
Աճիւնիդ դէմ երգաձայն,-
Սիրտն ու հոգին իմ ահա
Նոյն ափսոսանքն են յորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն…

ԾԹ.
Կարծես տեսել եմ ես քեզ,
Մանկութիւնից մինչեւ մահ
Դեգերել եմ կարծես ես
Ուղիներում այն ամայ,
Բռնած քո ձեռքը դողդոջ,
Յանուն ջրի ու հացի՝
Դեգերել եմ որպէս գող՝
Կոյր իմ հօր հետ մուրացիկ…

Կ.
Այդպէս բռնած ձեռքը ծեր
Հալածական իմ հօր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում աղեկէզ.-
Ցուրտ բակերում ժամերի
Հիւանդ հօր հետ իմ պառկած՝
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռաւոր, ինչպէս հաց…

ԿԱ.
Եւ հեռավոր մի ժամի
Պատերի տակ ցրտահար՝
ես առաջին անգամ ինձ
Երջանիկ եմ տեսել, հա՛յր:-
Հա՜յր, առաջին անգամ ես
Կեանքում ժպիտ տեսայ քո
Շրթունքներին, երբ որ քեզ
Մի բաժակ թէյ տւի գոլ…

ԿԲ.
Յետոյ փակել եմ յոգնած
Քո աչքերը՝ ընկած խոր,-
Եւ քարերին այն պառկած՝
Ննջել կողքին մեռած հօր:-
Առավոտեան իմ մռայլ,
Իմ մեռած հօր դէմքին ցուրտ-
Երանութեան անայլայլ
Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ…

ԿԳ.
Եւ հողմերին հեռավոր
Տալու մարմինը քո հայր,
Կարո±ղ էի ես արդեօք
Զառանցանքում անգամ վառ-
Օ՜, երազել անգամ լոյս
Վերադարձիդ մասին այս,-
Որ հայրենիք ես գալու,
Իբրեւ աճիւն զմռսած…

ԿԴ.
Մի±թե իրօք դու այն բիրտ
Ծերունին չես ննջած յար,
Որ անունով միայն իր
Կոմիտաս չէր, այլ Աբգար:-
Ինչպէս մեռած մարգարէ
Քարաքանդակ իր նաշում,
Մի±թթ դու չես երկարել
Այն իրիկվայ մշուշում…

ԿԵ.
Եւ մատները այն դողդոջ,
Մոմէ մատներն այն բարակ,
Որ փակեցին մի օր քո
Յոգնած կոպերն անկրակ՝
Չէի±ն արդեօք այն իմ խեղճ
Մատները որբ՝ դեռ գերի
Նւագների տրտմաշեշտ
Եւ Տերեանական երգերի…

ԿԶ.
…Իբրեւ մեռած մարգարէ՝
Պառկել էր նա այդպէս միշտ.
Դեմքը մի քիչ երկարել
Եւ խաղաղւել էր ընդմիշտ:-
Իսկ անդագաղ նրան երբ
Իջեցրինք գերեզման-
Խաղաղութեամբ նայեց վեր
Եւ արքայի էր նման…

ԿԷ.
Եւ վայրկեանին ահա այդ,
Երբ որպէս սուրբ մի նաշից,
Արքայական վեհութեամբ
Նայեց նա խեղճ իր փոսից,-
Ես հասկացայ, որ այդ խիստ,
Այդ մռայ մարդն աշխարհում
Բարի մի հայր էր միայն
Եւ տխրութիւնն էր սիրում…

ԿԸ.
Այն տխուր մարդն էր, որ իր
Մռայլ տեսքի տակ ունէր
Մի անսահման սիրող սիրտ
Եւ երազի հեռուներ,-
Որ ահաբեկ իր կեանքում
Ոչ մի անգամ չժպտած,
Բայց գիտէի, որ հոգում
Ունի հուրեր մշտակայծ…

ԿԹ.
Տխուր մի մարդ էր նա լոկ
Եւ երազող ունէր սիրտ,
Ուներ ոգի համբերող,-
Դեմքն էր նրա միայն բիրտ:-
Դեմքն էր նման փականքի,
Որ նա երբեք չբացեց.-
Ահաբեկւել էր կեանքից
Եւ զրկանքից քարացել:

Հ.
…Ո՛չ մի անգամ չժպտաց
Նա յոգնատանջ իր կեանքում:-
Տեսայ ամպի պէս մթնած
Ես նրա դէմքը մանկուց:-
ոց մնաց դուռն երկաէ
Մինչեւ վայրկեանը մահւան,-
Եւ միայն մայրս գիտէր,
Որ այնտեղ սէրն է պահւած:

ՀԱ.
…Չհամբուրեց աշխարհում
Զավակներին նա երբէք,-
Եւ ժամերով նստած լուռ՝
Չպատահեց, որ արբէր:-
Մարդու հանդէպ չարացած՝
Ո՛չ խոհերի, ո՛չ հացի
Նա չունեցաւ բարեկամ,
Լռութիւնից իր բացի:

ՀԲ.
…Եւ տարիներ միայն վերջ՝
Արդէն բեկւած, արդէն լուրջ՝
Նոր հասկացայ միայն ես,
Երբ նրա պէս դարձա լուռ-
Որ երգերում բոլոր իմ
Եւ խոհերում այնքան վեհ՝
Ինչ կա անհուն ու խորին,
Այդ միայն ն՛ա է տւել…

ՀԳ.
…Որ իր ամբողջ կեանքում լուռ
Ի՛նչ չէր վատնել նա երբեք,
Ի՛նչ չէր այրել իբրեւ հուր
Եւ չէր երգել իբրեւ երգ,-
Երազներում իր տխուր,
Պահած անգամ իրենից.-
Թաքցրել է այնքան խոր,
Որ իբրեւ գանձ բաշխի ինձ…

ՀԴ..
Կայ տառապանք անվեհեր
Նայիրական քո դէմքին՝
Խոհն աշխարհի այն աւեր,
Շողն հանճարի աներկիր…
Նա էր այդպէս պառկել վեհ
Մի օր հողէ իր փոսում-
Որպէս վկայ հանճարեղ՝
Հազարամեայ մի նաշում…

ՀԵ.
Եւ յիրավի՛.- դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն:-
Դու թաղւելու ես եկել
Երկրում քո նոր, որ արդէն
Դարձել է հաշտ ու հզոր
Եւ քեզ բերում է վարդեր…

ՀԶ.
Կարդում եմ ես քո յոգնած,
Մագաղաթեայ կոպերին
Եւ ճակատի վրայ բարձր-
Մտերմութիւն մի վերին:-
Նոյն մտորումն ու անհուն
Նայիրեան խոհն հարազատ,-
Նոյն երազանքն անանուն՝
Հազարամեայ՛ երազած:-

ՀԷ.
Ճգնաւորի դէմքով ծեր՝
Մարտիրոսի դէմքով սուրբ,-
Օ՜, ուրվական դու վսեմ,
Թափառական մեր Յիսուս,-
Ճգնաւորի ճակատով
Եւ մորմոքով վկայի՝
Նո՜ր ես յառնում ահա դու
Իբրեւ վկայ ներկայի…

ՀԸ.
Օ՜, վարդապետ անվեղար,
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովի՛ւ լոկ եղար՝
Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
Դու աղօթքի փոխարէն
Ձայն խնկեցիր միայն վեհ-
Դէպի երկինք, որ բիւրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ…

ՀԹ.
Ո՜վ Նայիրեան հանճարի
Հազարամեայ դու տեսիլ,-
Որքան զրկանք ու չարիք
Դու աշխարհում կրեցիր,-
Մարտիրոսեալ յաւիտեան,
Որպէս անհող մարգարէ-
Դու հանգրւան չգտար
Կեանքում-դարեր ու դարեր:-

Ձ.
Եւ միայն արդ, Նահպե՛տ,
իսախռով, կորացած,
Հազարամեայ յոգնաբեկ
Թափառումից քո դարձած՝
Պիտի յառնի շողշողուն
Հանճարիդ հուրն այգաբեր,-
Եւ խոր հանգչեն մեր հողում
Քո ոսկորներն յոգնաբեկ…

ՁԱ.
Իբրեւ աճիւն դու դարձար
Քո հայրենիքը ազատ,-
Իբրեւ մասունք մի պայծառ,
Իբրեւ նշխար հարազատ,-
Եւ հայրենի քո հողում,
Հին հանճարի իբրեւ սերմ՝
Կբարձրանա՛յ նա բեղուն,
Երկրիդ ցողով ցողւած ջերմ:-

ՁԲ.
Իբրեւ աճիւն դու դարձար,-
Բայց հայրենի երկրում քո
Հանճարիդ հունտն հրացայտ
Կբարձրանա՜յ նոր բերքո՛վ:-
Բեղմնաւորւած սրբազան
Քո աճիւնով եւ անեզր
Արեգակով մեր կիզած՝
Հողն հազար ծի՜լ կտայ մեզ:

ՁԳ.
Մե՜ծ ցնծութիւն է հիմա
Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-
Տօնն է երգի իր անմահ
Տօնում յառնած մի երկիր:-
Դարձի համար քո այս վեհ,
Վերադարձի քո անմահ-
Կեանք ենք կերտել արդէն մենք
Ե՛ւ արեւոտ, ե՛ւ անմար:

ՁԴ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հազա՜ր սրտեր տարագիր,
Զարհուրելի հեռուներ
Տարւած հողմով յարաբիրտ:-
Իբրեւ սրտե՜ր կենդանի,
Իբրեւ աճիւն կամ մասունք-
Սրտեր քանի՜, դեռ քանի՜-
Հողն են իրենց երազում…

ՁԵ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրեան՝
Իբրեւ նորո՜գ երկրի տէր՝
Ե՛ւ Թումանեան, ե՛ւ Տէրեան:-
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե՛ւ Դուրեանի սիրտը բորբ,
Ե՛ւ Մեծարենցն հմաիւն:-

ՁԶ
…Միջագետքից-Օրենբուրգ,
Հելեսպոնտից մինչեւ Վան,-
Ո±ր աշխարհում արդեօք սուրբ
Չկայ մասունք Նայիրեան…
Ո±ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան,-
Օ՜, նայիրեան հանճարի
Հազարամեայ Սերմնացան…

ՁԷ.
Պիտի դառնան դեռ հերթով
Տարագիրներն այդ անթիւ,-
Որ աճիւնով կամ սրտով
Դառնան աղբիւր եռանդի:-
Կենդանի սիրտ, թէ աճիւն-
Իբրեւ հունտեր հանճարեղ,
Բեղմնավորե՜ն պիտի սուրբ
Հայրենի հողն այդ իրենց:-

ՁԸ.
Իսկ դու՛, ոգի՛ երգի մեր,
Վերադարձած արդէն տուն,-
Օ, սրբազա՜ն բերքի պէս
Ընդունեց սիրտը խնդուն,-
Ցնծութիւնից խելագար
Ժողովրդի սիրտը քեզ.-
Իբրեւ աճիւն դու եկար,
Բայց իբրեւ կեանք ընդունեց:-

ՁԹ.
Ինչպէս երգերը քո ջերմ,
Ժողովրդի սիրտը մեծ
Իբրեւ բարիք, իբրեւ սերմ
Մի ոգեղէն ընդունեց,-
Քեզ կընդունէ այդպէս յար
Հայրենի հողն արդարեւ-
Ե՛ւ քո աճիւնը արդար,
Ե՛ւ քո ոգին հանճարեղ:-

Ղ.
Թո՛ղ ամոքւի վերջապէս
Հազար սրով զարկած խոր-
Սիրտդ հողում մեր հրկէզ,
Որպէս գրկում սիրած մօր:-
Որպէս վսե՜մ ողջակէզ՝
Հոգնած աճիւնը քո թո՛ղ
տնի հանգի՜ստ վերջապէս-
Եւ հայրենի դառնայ հող…

ՂԱ.
Եւ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի-
Կելնեն շքե՜ղ եւ ուղիղ
Երգի շիւղե՜ր կենդանի:-
Եւ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր-
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր…

ՂԲ.
Կխաղաղւի՜ վերջապէս
Խոնջած աճիւնը քո յար:-
Դարձած մոխի՜ր կենսաբեր,
Դարձած աւիւ՜ն, դարձած քար:-
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն-
Եւ հարենի դարձած հող…

30 — V — 1936
30 — XI — 1935

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

5 548

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*