Пн, Окт 31st, 2011
все | Автор Dproc

Չարենց. Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր

…Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր,
Զարմանալի անգույն, կարծես տիեզերքը
Իբրև ուշիշ բժիշկ՝ շունչը պահած՝
Ինքն իր սրտի տրոփն էր ունկնդրում, —
Ահավասիկ նման մի ինքնամփոփ գիշեր
Երբ ինչ իմաստ ունի հաշվել տիեզերքի
Սրտի տրոփն անդուլ համարելով զարկերը
Օր, կամ տարի, կամ հազար հազարամյակ, —
Ախ, էականն այն է, որ տարիներ առաջ,
Այնքան առաջ, որքան հարկավոր է միայն,
Որպեսզի պահն այդ արդեն անցած,
Դանդաղելով՝ դառնա արդեն անցյալ, —
Ուրեմն ճիշտ այսպես — մի այսպիսի գիշեր.
Արթնացել է հանկարծ իր աներազ քնից
Լեոնարդո դա Վինչին, — և ճիշտ այսպես,
Ինչպես ինքս ահա զարմանալով մի պահ,
Որ հրաշքի նման կրկին իր դեմ
Բռնկվում է կյանքը, գոյությունը, կյանքի
Զարմանալի հրաշքը — նայել է լուռ
Իր դիմացի պատին, կամ սենյակում դրած
Եռոտանուն ընտել ու հարազատ
Եվ բևեռել է իր աստվածային հայացքը
Ահավասիկ այս սուրբ կիսակնոջ,
Այս կանացի դեմքով և պատանու
Անեզրական, անհուն տխրությամբ
Եվ երազով օծված հիսուսային դեմքին…
Նայել է լուռ երկար, — կասկածելով մի պահ
Այդ հրաշքի՝ այդ լուռ խորհրդի
Անգրկելի, անձուկ գոյության
Լինելիությանն անգամ…Ապա դանդաղ
Բարձրացել է մի պահ, ջահը վառել,
Արթնացրել է ապա եռոտանու այն կողմը,
Մութ անկյունում քնած իր սիրելի,
Իր պարմանի սանին՝ Բելտրաֆիոյին, —
Եվ՝ բերելով ահա եռոտանու մոտիկ՝
Երկար-երկա՛ ր նայել է նրա դեմքին, —
Այդ պատանու, ողորկ, կիսակլոր՝
Կիսակնոջ կույսի և պարմանու՝
Աստվածային գեղով պսակազարդ դեմքին…
Նայել է լուռ, երկա՛ր, — մերթ պատկերին նրա՝
Կնոջական դեմքով այս Հիսուսին՝
Մերթ իսկական կյանքի անհունությամբ շնչող՝
Սուրբ, ձվաձև դեմքով այդ պատանուն…
Հետո բռնել է նա իր դողդոջուն ձեռքով
Իր սիրեցյալ սանի կնոջական, բարակ
Մարմարիոնե թևը, — երկար
Անագորույն սիրով ու կարոտով,
Տիեզերքի տրոփը հավերժորեն իր մեջ
Անհագորեն ընդմիշտ ամփոփելու
Անեզրական սիրով, — նայել է աչքերին,
Թափանցելով մինչև նրա հոգու հատակը,
Մինչդեռ գունատ, մաքուր, ամոթխած
Մի վարդագույն մշուշ էր նրա դեմքը պատել
Եվ նա հառել էր իր հայացքը վար
Եվ ամոթխած սիրով, և պատանու,
Եվ աղջկա անեզր կարոտով…
Նայել է ճիշտ այսպես — ինչպես այն
Իր դիմացի պատից… Հիսուսը, —
Կիսակնոջ դեմքով և պատանու մարմնի
Անեզրական գեղի տրտմությամբ
Եվ հանճարի սիրով ու վրձինով
Անմահացած Հիսուսն այդ տխրամարմին…
Այդ Լեոնարդո դա Վինչու հանճարեղ
«Խորհրդավոր ընթրիքը» որմնակերտի համար
Տարիներով փնտրած ու երազած
Եվ վերջապես փոքրիկ մի կտավի վրա
Մեզ հիշատակ թողած կնոջական Հիսուսը—
Լեոնարդո դա Վինչու աշակերտը…
Ջիովաննի Բելտրաֆիոն վեշտասնամյա:
1937

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

5 378

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*