Пн, Окт 31st, 2011
все | Автор Dproc

Չարենց. ՏԵՍԻԼԱԺԱՄԵՐ

1

Մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել
Օրերի միգում երևում է ինձ:
Թարտում են միգում կրակները դեռ,
ՈՒ կարոտը հին խեղդում է նորից:

Անցնում է, որպես անմարմին տեսիլ
ՈՒ նորից միգում երևում է նա:
ՈՒ նորից չկա: ՈՒ նորից գիշեր —
Փողոցի վրա ու հոգուս վրա:

Կրակներ, ջահեր: Անցնում են նրանք,
Կանչում են նրանք, ակնարկում են ինձ:
Կանգնում են թարթող կրակների տակ,
Ներկած աչքերով կանչում են նորից:

ՈՒ լուռ է հոգիս: ՈՒ մենակ եմ ես:
Երազուն, տխուր: Հավատում եմ դեռ:
ՈՒ անցնում է նա — անմարմին, անտես,-
Մի լուսե աղջիկ, մի լուսե մեռել:

2

Ես նստում էի անմարդ բուլվարում՝
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:

ՈՒ անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
ՈՒ թաց աչքերով տեսնում էի քեզ,-
Հավիտենության կապույտ դաշտերում:

Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
ՈՒ իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր —
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ…

3

Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի
Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ:
Հաշտվել էի ու լռել էի:
ՈՒ լուռ էր հոգիս՝ լուռ ու լռանիստ:

Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում —
Դուրսը, դաշտերի մենակության մեջ:
Մեկը դաշտերում տագնապ էր փռում-
ՈՒ մութ սենյակում հսկում էի ես:

Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին:
Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար:
Ստվերները լուռ օրորվում էին:
ՈՒ լուռ էի ես: Չկայիր: Չեկար:

4

Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո:
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես… Խաղա՜ղ երեկո:

ՈՒ ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ —
Երբ հեռուներում զնգալով անցար,
Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ…

Անցար — լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜,
Ճառագայթի պես իրիկնամուտի:
Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև,
Խմում էր իջնող տագնապը մութի…

5

Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ, —
Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն…

Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր՝ դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:

Լու՜ռ ընկնում էին տերևները վար,
ՈՒ ծածկում էին ճանապարհը, քեզ:
ՈՒ ցուրտ պուրակում մենակ, հոգևար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես…

6

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին անգամ աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
ՈՒ աստղը ժպտա մոխրացած քարին…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

6 141

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*