Պ. Սևակ. Նամակ
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
«Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…»
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
«Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև … մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)» …
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
«Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…
Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու» …
Метки: Аветик Иссакян, Армения, Армянская литература, Армянская поэзия, армянские стихи, Армянский поэт, Егише Чаренц, культура Армении, Мушег Ишхан, Ованес Шираз, Паруйр Севак, стихи на армянском языке, Стихи Паруйра Севака, ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ, ԲԱՐԵԽՕՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՒ ԻՄ ՄԻՋԵՒ, Դու՝, ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ, ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ..., ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԱՐԴ ԷԼ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ ՄԱՐԴ ԷԼ, Նամակ, Պարույր Սևակ, ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ, Քո անունը