Չարենց. ՌՈՒԲԱԻՆԵՐ
Ա
Այսպես` այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.-
Ախ, դեռ ինչպես ամենտատես Իմաստու՛նն է այն ասել –
Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն:
Բ
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես` միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,-
Եվ ո՛չ միայն հատակն, այլև — մակերեսը չտեսան:-
Գ
Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի,
Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ –
Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի:
Դ
Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն:-
Ե
Մեր քերթությունը` մեր դարի ընթացքի հետ միասին`
Առնչվելով մեր տենչերին` երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՜ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ:
Զ
Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,-
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
Բայց արդ` քո մեջ ծայր է առնում այլ մեղեդի մի անվերջ.-
Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում:
Է
Ա՜խ, շռայլ է լինում ոգին- լոկ մի՛ անգամ իր կյանքում.
Երբ վառվելով, մոխրանալով` իր վախճանին է հանգում.
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով` խինդով, ահով, ծնում է աստղ իր հանգույն:
Ը
Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում` անխորտակ ու ահագին:
Թ
Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած – որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
Ժ
Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած` լինի այդքա՜ն ինքնաբավ ու այդքան նո՛ր.-
Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ – ցոլք ու ցնորք հեռավոր:
ԺԱ
Զգում ես, որ անհուն ու խոր, ինչպես մի հանք անսպառ,
Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին.
Դեռ ի՜նչ գանձեր – անհուն, անծիր – պիտի հանես դու աշխարհ,
Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի:
ԺԲ
Առուներով, գետակներով, վտակներով անհամար
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.-
Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատելի ու անդադար, անկերպարանք ու անձև:
ԺԳ
Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես.-
Բայց ինչքա՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ-
Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես:
ԺԴ
Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ.
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում:
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ-
Անակնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում:
ԺԵ
Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.-
Օ՜, հանճարե՛ղ ակնթարթ, դու ընթացքն ես – ու ոստում:
ԺԶ
Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել,
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,-
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ:
ԺԷ
Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
Այսպես` նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշեն – դառնում են հոն ու գազան:
ԺԸ
Ո՛վ, երգիչներ, մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն.
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց-
Դուք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն:
ԺԹ
Ո՛վ, Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
Հանճարների,- դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ
Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ:
Ի
Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծայրանում,
Մա՛հն է կրկին ոխակայել` մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն-
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանակն է նորանում:
ԻԱ
Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ` դեպի հին օվկիանոսը սառույցի:
ԻԲ
Չի՛ ընդանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ.
Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ – մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ.
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան` պիտի լոկ
Արագացնեն մա՛հն իրենց սև — ու չքանան առհավետ:
ԻԳ
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
ԻԴ
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
Մեկը – դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող.-
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ:
1934
Метки: - աչքերդ փակի՛ր..., Армения, Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские стихи, История армянской литературы, Ованес Шираз, Паруйр Севак, Поэзия, Раффи, Сиаманто, Сказки Армении. ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ., стихи армянских поэтов, Стихи Егише Чаренца, Стихи Чаренца, Уильям Сароян, ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ, ԱՆՎԵՐՆԱԳԻՐ, Աշուղ Սայաթ-Նովի նման..., Առավոտ, Բրո՛նզ ես, գուցե՜ չընկանք..., Դու - հողմային մշուշ ու մահ, Եղիշե Չարենց, Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, ես իմ այս էպիգրամներով, Ես իմ անուշ Հայաստանի..., Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն, Երազ տեսա, Երազում եմ այն երկիրը հեռավոր, ԵՐԵՔԸ, ինչպես Արարատին նետած քար`, Ինչպես երկիրս անսփոփ, Իրիկուն է, Լուսամփոփի՜ պես աղջիկ՝..., Խելահեղ աչքերով..., Կապուտաչյա Հայրենիքից, Հայրենի երգն ես դու մեր՝, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, Հեռացումի խոսքեր, հո՛ւր ես..., Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր՝, ՄԱՐԻՈՆԵՏԿԱ, ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ, նայեցե՛ք, ո՛չ, ո՞վ կբարևի, Ո՞վ կհանդիպի, Չնչին, ՊԱՏԳԱՄ, ՌՈՒԲԱԻՆԵՐ, ՏԵՍԻԼԱԺԱՄԵՐ, ՔԱՄԻՆ, Քույր, քո՛ւյր