Ср, Окт 19th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ, ՄԱՐԴ ԷԼ

Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալուել, սակայն չես ստել,
Կորցրել ես յաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թեւեր…

Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս…

Ելել ես իբրեւ նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մօտիկ,
Որ ճշմարտութեան ափերը տեսնես,
Ծպտըուած ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարութեան դէմքը խարանես…

Ահա թէ ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այնպէս ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ էլ կայ՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խօսքի վրայ ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում եւ տանուլ տալիս…

Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքեւ ընկածին.
Վերեւ կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քըսմըսւում ու շողոքորթում…

Որտեղ մի պատառ չաղ ու իւղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկիւղալի…
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նոյն հեշտութեամբ էլ իր մեղքն է լալիս…

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,
Հարազատ մօրից և որդուց աւել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…
Սո՛ւտ է. Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,
Նա պատմութեան մէջ իր դարն է սիրում…
Սո՛ւտ է: Նա դարի աւարն է սիրում:
Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,
Մեր կեանքն է սիրում, մեր նորն է սիրում…
Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,
Գաղփարական իր հօրն է սիրում…
Սո՛ւտ է: Ո՛չ հօրը, ո՛չ մօրն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:
Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր
Սիրում է կեանքում նա իր …աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում:

Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թեւեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպէս եւ… տարեց-տարի
Ելնում է այսպէս… շալակն աշխարհի:

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ էլ կայ՝ ելել է շալակն աշխարհի…

Метки: , , , , , , , , , , , , ,

3 832

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*