Чт, Окт 20th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը…
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

… Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած- սնած,
Մեզ աշխարհում շահած- պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած.
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

7 964

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*