Պ. Սևակ. ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ
Ես նախանձում եմ նրանց բոլորին,
Ովքեր ապրում են հավատով խորին,
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,
Ում դեմ են ելնում, ում համար փայլում,
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,
Հանուն ի՛նչ բանի կյանքերն են զոհում …
Բարի նախանձով նրան եմ հիշում,
Ով չի մոլորվում անթափանց մուժում,
Ով չի վհատվում երկար վերելքից,
Չի հուսահատվում վայրի տարերքից,
Ով ստի հանդեպ բերան չի փակում,
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,
Չի նայում կյանքին իբրև բոստանի,
Որտեղից պիտի չաղ բաժին տանի …
Ես նախանձում եմ նրան, վերջապես,
Անհուն նախանձով նրան եմ հիշում,
Ով հոգում չունի նախանձի նշույլ.
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,
Որ մի չաղ պատառ միս է թռցրել) …
Իսկ ով հատիկն իր հասկ է դարձրել,
Ով սերմ է ցանել ու բերք է հնձում,
Անբանն է միայն նրան նախանձում …
Բանից պարզվում է,- ես ու իմ հոգին,-
Որ չեմ նախանձում կյանքում ո՛չ ոքի …
Метки: Аветик Иссакян, Армения, Армянская литература, Армянская поэзия, армянские стихи, Армянский поэт, Егише Чаренц, культура Армении, Мушег Ишхан, Ованес Шираз, Паруйр Севак, стихи на армянском языке, Стихи Паруйра Севака, ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ, ԲԱՐԵԽՕՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՒ ԻՄ ՄԻՋԵՒ, Դու՝, Թե կուզես ՝ լռի՛ր, ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ, ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ..., ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԱՐԴ ԷԼ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ ՄԱՐԴ ԷԼ, Միանգամից, ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ, Նամակ, ՉԵՄ ՀԱՐԳՈՒՄ, Պարույր Սևակ, ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ, ՔՄԾԻԾԱՂ, Քո անունը