Թումանյան. Կանչ
Եթե կաս, աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել,
Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դու չես վարակել
Պարզությունն հոգու
Թե դու չես ասել,
Որ կյանքը այսպես
Լինի անսպառ
Տանջանքի հանդես,-
Մեղմացրու մարդկանց
Կիրքն ամբարտավան,
Եթե աստված ես
Դու խաղաղության։
Տե՛ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ իսկույն
Իմ աղոթքն անբիծ.
Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառապում այսքան,
Եթե աստված ես
Դու անմեղության։-
Ինչո՞ւ տակավին
Չես պատժում չարին,
Ո՞ւյժդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում։
Ինչո՞ւ չես գալիս,
Ո՞ւր ես, եթե կաս,
Թե դո՛ւ չես տալիս
Խեղճին պատուհաս.
Թե չարագործին
Դո՛ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին
Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում.
Դե արի՛ ու տե՛ս,
Զարկի՛ր ու շանթի՛ր,
Եթե աստված ես
Դու վըրեժխնդիր։
1891
Метки: Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские поэмы, Армянские поэты, Армянские сказки, История армянской литературы, Ованес Туманян, поэты Армении, Сказки Ованеса Туманяна, Стихи Ованеса Туманяна, Կանչ, Հովհաննես Թումանյան