Вс, Мар 24th, 2013
все | Автор Arpi

Վարուժան. ՁՈՆ

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ:

Եղեգնյա գրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ:

Եղեգնյա գրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի’րտս ելաներ:

Եղեգնյա գրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հօտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծո’ւխ ելաներ:

ՈՒ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընցա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո’ց ելաներ:

Метки: , , , , , ,

6 447

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*