Пн, Окт 31st, 2011
все | Автор Dproc

Չարենց. ԵՐԵՔԸ

ԵՐԵՔԸ
(պոեմ հավիտենական)

1

Մի հին դղյակում ապրում էին գոց
Երեքը -նրանք. դղյակում այդ հին:
Երկուսն էլ նրանք այդ երազ-կնոջ
Ասպետներն էին:
ՈՒ ապրում էին փակված ու մենակ,
Աշխարհից հեռու, դղյակի միգում:
ՈՒ հին դղյակի կամարների տակ
Հոսում էր նրանց կյանքը անանուն:
Ի՞նչ էին անում այդ երեքը միշտ,
Այդ հին դղյակում ի՜նչ էին անում:
Կյանքը դղյակում երա՞զ էր, թե վիշտ —
Ոչ ոք չգիտեր ու չէր իմանում:
Որպես մի հեքիաթ, որպես հինավուրց
Դարերում ապրած լեգենդի կտոր-
Կյանքը դղյակում դարձել էր անուրջ:
Ապրեցին անձայն ու անցան մի օր:-

2

Մեկը դղյակում մենակ էր առաջ
Երազ-կնոջ հետ: Մենակ էր ու գոհ:
Թվում էր նրան աշխարհը — երազ,
ՈՒ լույս էր այնպես. կապույտ երեկո:
Նստում էր մենակ և հսկում էր նա:
Կինը դղյակում և կար, և չկար:
Նստում էր մարմար սանդուղքի վրա՝
Աչքերը — վճիտ ու սիրտը — պայծառ:
Եվ մի իրիկուն — հրոտ, հրավառ
Արևը մտավ գիրկը լեռների:
Կինը դղյակում և կար, և չկար.
Նա նստած էր լուռ՝ երազին գերի:
Արևը մտավ խորշը լեռների-
ՈՒ թվաց նրանց գիշերի միգում,
Որ ո՛չ մի հրաշք էլ ետ չի բերի
Անցած արևի հուրը ոսկեգույն…
Անշշուկ նստած լսեց, որ անցան,
Անդարձ հեռացան… Մի՞թե չգտավ:-
Եվ նա չտեսավ, թե ինչպես, անձայն,
Մյուսն այն գիշեր դղյակը մտավ…

3

«-Դու կանչե՞լ էիր,- շշնջաց նրան.-
Հեռու դաշտերից, արևի երկրից:
Արևը անցավ ու ժպտաց միայն:
Արևի երկրից կանչել էիր ինձ»
Երբ գիշերն իջավ դղյակի միգում
Երեքը — նրանք — կրակ չունեին:
ՈՒ թվաց, որ դեռ երեկ իրիկուն
երեքն էլ, նրանք, դղյակում էին:
Նայեցին իրար -ու թվաց, թե դեռ
Դարերի միգում, սկզբի օրից
Երեքն էլ, նրանք, այստեղ են եղել-
Մի՛շտ իրար կապված՝ հեռու բոլորից…

4

Ասաց շշուկով կինը երկուսին.-
«Գիշերը հազար հրաշքներ ունի.
Գիշերի գրկում ընկնում է հոգին
Հազարաստղանի գիրկը անհունի»:
Նայեցին իրար, նայեցին նրան:
Վառվում էր ոսկի հայացքը կնոջ:
Կարծես ասելու ոչինչ չգտան:
Կարծես դողացին շրթերը դողդոջ:
Եվ մեկը հանկարծ հեծկլտաց մթում…
Մյուսը ժպտաց: -ՈՒ տեսան իրար:
Նվում էր մի տեղ դղյակի կարուն
ՈՒ դուրսը քամին խնդում էր խելառ:

5

ՈՒ կինը հիվանդ, մտավ անկողին:
Հսկում էին լուռ երկուսը նրան:
ՈՒ գրկել էր մութ լռությունը հին
Նրանց -երեքին: ՈՒ լուռ էր միայն:
ՈՒ մութ էր աունպես: ՈՒ հիվանդ էր նա:
Եվ երկուսն էլ լուռ, անկողնի առաջ
Երազում էին պատկերը նրա-
Հեռավոր նրա հմայքը երազ:
Երազում էին: Երկուսն էլ կային:
Այնքա՜ն հարազատ ու մոտիկ այնքան:
Եվ սուրբ խոսքերով օրորում էին
Կնոջը հեռու: Երկուսն էլ -նրան:

6

ՈՒ լուռ էր այնպես: ՈՒ լուռ էր: ՈՒ գոլ
Լռության գրկում թվում էր նրանց,
Որ կյանքը մահիվ անհուն է ու խոր,
Մահու պես գաղտնի, անթափանց, անանց:
ՈՒ հիվանդ էր նա: Բայց մահը չկար:
Միայն մշուշում երկու կրակներ
Կարծես բռնկվող, կարծես հոգևար,
Երազի նման ժպտում էին դեռ:

7

Եվ մեկը հանկարծ ասաց մյուսին.-
«Արևը երեկ անցավ — ու՞ր գնաց…»:
Մյուսը նայեց ու ժպտաց կրկին.-
«Արևը չկա: Արևը — երազ…»:
Եվ մեկը ուզեց անդարձ հեծկլտալ,
Բայց բարձր ճչաց. — «Օ, ցու՜րտ է այնքան…»:
Մյուսը ժպտաց: ՈՒ երկա՜ր — երկա՜ր
Լռեցին նրանք՝ անբարբառ, կարկամ:
Լուռ քնել էր նա: Լուռ էր ու լռին:
Եվ միջին միգում վերջին լռության
Երկուսն էլ հլու սպասում էին:

8

Եվ մյուսն հանկարծ բարձրացավ տեղից
ՈՒ սուր, լռության դղյակում կարկամ,
ՈՒր իջել էր մի անսահման կսկիծ-

Ճչաց ու կանչեց տասներկու անգամ:
Տասերկու անգամ կանչեց, բայց չկար:
Արնոտ էր նրա ձայնը մշուշում:
Տասերկու անգամ կանչեց, խելագար —
ՈՒ դուրսը ոռնաց հուսահատ մի շուն:
Լուսնի երեսին ոռնաց ու լռեց:
Եվ վերջին անգամ նա կանչեց նրան:
Կինը բարձրացավ, ժպտաց, համբուրեց-
ՈՒ մշուշի մեջ երկուսն էլ կորան…

9

Իսկ մեկը, նստած անկողնի առաջ
Սպասում էր դեռ: Կարծում էր, որ նա
Դեռ պառկած է իր անկողնի վրա,
Որպես լույս ցնորք ու հոգու երազ:
Չտեսավ, կարծես, որ ջահը հանգավ,
Չտեսավ, կարծես, որ անճար ընկավ,
Անդարձ փշրվեց բաժակը հոգու,
Որ զնգում էր դեռ երեկ երեկո:
Մի՞թե չլսեց կանչը խելագար.
ՏԱսերկու անգամ կանչեց ու տարավ:
Մի՞թե չտեսավ, որ ջահը չկար,
Որ ջահը հանկարծ արյունվեց — մարավ:
Լուռ նստած էր նա անլույս սենյակում,
Աղոթում էր դեռ ու հսկում էր նա:
Եվ կամաց-կամաց տագնապը թաքուն
Իջնում էր նրա կարոտի վրա…

10

«Դու ի՞նձ ես ուզում. այստեղ եմ ահա:
Նստել եմ քեզ մոտ — մի՞թե չգիտես:
Լռության գրկում սպասում է նա:
Շրթերդ հրոտ համբուրում եմ -ես»:
Եվ կինը գրկեց, համբուրեց նրան:
Ջահերը նորից դղյակի միգում
Արնավուն լուսով բռնկված- կորան:
Եվ խավարն իջավ անդուռ դղյակում:
Եվ կինը կարծես չտեսավ, որ լուռ,
Որպես մի ուրու, որ կա ու չկա-
Մոտեցավ հանկարծ լուսավոր, տխուր,
Տխրորեն վճիտ երազը նրա…
Մյուսը կարծես չիմացավ ինքն էլ,
Թե ինչու՞ հանկարծ թվաց, թե միգում
Մեկը անանուն, անտես մոտեցել
ՈՒ խուլ տագնապով դռներն է թակում…

11

ՈՒ լուռ կանգնեցին իրարու դիմաց
Երկուսը, կարծես առաջին անգամ:
Կինը հեծկլտաց ու նորից ժպտաց-
Ժպիտն էլ, լացն էլ — օտա՜ր էր այնքան:
ՈՒ կանգնած էին նրանք դեմ ու դեմ
ՈՒ չգիտեին՝ ի՞նչ էին ուզում:
Բայց զգում էին, որ մի լուր գիտեն
Երկուսն էլ հոգու անլուր երազում:
Եվ զգում էին, հոգնած ու տխուր,
Որ կնկնի՜, կնկնի՜ լույսը հեռակա
Վերջին խավարի գիրկը ահավոր:
Եվ զգում էին. վերջին անհունում,
Արևից հետո ու լույսից հետո-
Երկուսն էլ նրանք՝ անդեմ, անանուն՝
Կդառնան հլու ողջակեզ ու զոհ…

12

ՈՒ վերջին անգամ նայեցին իրար…
Ծանո՜թ էր այնքան աչքերի հեռուն…
Այն ու՞ր է տանում հորձանքը վարար-
Լույսըհոգևար մարող աչքեում:
-Դու ի՞նչ ես ուզում… Դու մրսե՞լ ես, հա՞:
-Իսկ դու՛, դու՛, որ միշտ արևի բովում
Այրվում էիր — եկել ես հիմա
ՈՒ փնտրում ես իմ լուսնային հեռու՞ն…
ՈՒ աչքերը, խոր, խորունկ խորացան
Մյուս աչքերի խորության մեջ խոր:
Կարծես հիշեցին, կարծես մոռացան,
Որ եղել են, կան, ապրում են մի օր:
Եվ կինը խնդաց արնոտ մշուշում —
ՈՒ եկավ, կանգնեց երկուսի առաջ:
Մի՞թե նա է, — նա: Մի՞թե չի հիշում
Աստղերը վառած, աստղերը մարած:
Թե՞ ուրու է նա: Եկավ — ու չկա:
Կանգնած են նրանք դեմ առ դեմ էլի:-
Վերջին պարտության վայրկյանը հիմա
Կհնչե անդարձ… Եվ ուշ կլինի:

13

…ՈՒ վայրկյանը, քար, ընկավ անողոք:
Հնամյա մի կամք, անդարձ ու տոկուն,
Որպես դադարի վիթխարի բողոք-
Խտացավ նրանց աչքերի միգում:
Եվ մյուսն հանկարծ ճչաց- քարացավ.
Կույր զգաց հանկարծ, որ սառցե մի սուր
Մեխվեց իր սրտում: Սառցի պես մի ցավ
Կաշկանդեց նրա էությունը հուր:
Բայց վերջին միգում տեսավ, որ նա է՛լ-
Մեկը, հուսահատ, տասերկու անգամ
Ճչաց ու կանչեց վանդակում անել-
Եվ նույնպես ընկավ. . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . .
Խավարի գրկում դղյակը այն հին
Երերաց հանկարծ: ՈՒ երկա՜ե, երկա՜ր
Գայլերը դաշտում դեռ ոռնում էին:
ՈՒ լուռ էր այնպես: ՈՒ ոչինչ չկար:

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

5 612