Թումանյան. ՆՐԱՆ
Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։
Ես ուզում եմ, որ քո անմեղ
Սիրտը թնդար ինձ համար,
Եվ հավիտյան վառվեր այնտեղ
Միայն իմ սերը բոցավառ։
Ես ուզում եմ, որ օրն ի բուն
Ապշած նայեմ աչքերիդ,
Ինձ մոռացած, կորչեմ անհուն
Խորության մեջ հայացքիդ։
Իսկ եթե մահն այն ժամի մեջ
Ինձ մոտենար, օ՜, սեր իմ,
Ես կուզեի քո սիրատենչ
Կուրծքդ լիներ ինձ շիրիմ։
Метки: Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские поэмы, Армянские поэты, Армянские сказки, История армянской литературы, Ованес Туманян, поэты Армении, Сказки Ованеса Туманяна, Стихи Ованеса Туманяна, Հովհաննես Թումանյան, ՆՐԱՆ